22/08/2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից հրապարակված՝ «Hot Wheels» ապրանքանիշի խաղալիքի վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ «Մարլի» ՍՊԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ մեկնաբանությունը։
(հղումը՝ https://www.facebook.com/msib.armenia/posts/pfbid02NSk47SgAHZwSQWG1j4DE119ULbZowGjZiPhfLSzkq76TjDQ3iWiat6q7bNa5v5BLl)
«Մարլի» ընկերությունը Հայաստանում գործունեություն է իրականացնում 2012 թվականից և «Mattel Inc.» ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն ու ներմուծողն է Հայաստանում՝ ներկայացնելով միջազգայնորեն ճանաչված այդ ընկերության ապրանքանիշերը, այդ թվում՝ «Hot Wheels»-ը։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հրապարակման համաձայն՝ նմուշառումն իրականացվել է «Անուշիկ Գևորգյան Ավետիքի» Ա/Ձ-ի կողմից իրացվող խաղալիքներից։ Նշված տնտեսավարողը «Մարլի» ՍՊԸ-ի գործընկերը չէ. նրան ընկերությունը ապրանքներ չի մատակարարում։
Հրապարակման մեջ ներկայացված տեղեկություններից հնարավոր չէ պարզել լաբորատոր փորձաքննության ենթարկված կոնկրետ խաղալիքի իսկությունը՝ ծագման աղբյուրը, ներմուծողը և ապրանքը նույնականացնող այլ տվյալները։ Դա թույլ չի տալիս նույնականացնել այն «Մարլի» ՍՊԸ-ի միջոցով և «Mattel»-ի պաշտոնական մատակարարման շղթայով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող համապատասխան ապրանքի հետ։
Լրացուցիչ հայտնում ենք հետևյալը՝
•«Mattel»-ը, որը հիմնադրվել է 1945 թվականին, աշխարհի առաջատար խաղալիք արտադրող ընկերություններից է, իսկ նրա արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 150 երկրում։ Ընկերության պորտֆելում ներառված են Hot Wheels, Barbie, Fisher-Price, UNO, Matchbox, Polly Pocket և բազմաթիվ այլ միջազգայնորեն ճանաչված ապրանքանիշեր.
•«Hot Wheels»-ը ստեղծվել է 1968 թվականին և տասնամյակներ շարունակ հանդիսանում է աշխարհի ամենաճանաչված խաղալիք ավտոմեքենաների ապրանքանիշերից մեկը.
•«Mattel»-ի անվտանգության և որակի վերահսկման համակարգը (Product Quality & Safety) գործում է արտադրանքի նախագծումից և հումքի ընտրությունից մինչև արտադրություն և վերջնական արտադրանքի փորձարկում, որն ապահովում է՝
•իր արտադրանքի համապատասխանությունը վաճառքի երկրներում գործող անվտանգության կիրառելի պահանջներին կամ դրանց գերազանցումը, մասնավորապես՝ տարբեր երկրների անվտանգության պահանջների միջև տարբերության դեպքում առավել խիստ պահանջների կամ ավելի բարձր ստանդարտների կիրառումը.
•հումքի և նյութերի նկատմամբ քիմիական և տոքսիկոլոգիական խիստ ստուգումների և գնահատումների իրականացում.
•փորձարկումների իրականացվում ինչպես «Mattel»-ի կողմից հավատարմագրված, այնպես էլ անկախ երրորդ կողմի լաբորատորիաներում։
Հայտնում ենք նաև, որ «Mattel»-ի «Արգելված նյութերի ցանկը» (Restricted Substance List) ներառում է ավելի քան 15 000 քիմիական նյութ և նյութերի դաս, որոնց օգտագործումը վերահսկվում է ընկերության կողմից և սահմանափակվում կամ արգելվում է: «Mattel»-ը իրականացվում է նաև կապարի, ծանր մետաղների և առողջության համար վտանգ ներկայացնող այլ նյութերի նկատմամբ խստագույն վերահսկողություն։
Ուստի «Mattel»-ը համաշխարհային խաղալիքարտադրության ոլորտում որակի և անվտանգության բարձր չափանիշներ կիրառող առաջատար ընկերություններից է։ Այդ չափանիշները նախատեսված են երեխաների առողջության համար վտանգավոր նյութերի առկայությունը բացառելու համար։
Միաժամանակ գտնում ենք, որ չափազանց կարևոր է «Անուշիկ Գևորգյան Ավետիքի» Ա/Ձ տնտեսավարողից վերցված և լաբորատոր փորձաքննության ենթարկված կոնկրետ մոդելի խաղալիքը տարանջատել «Hot Wheels»-ի օրիգինալ մոդելներից։
Հրապարակած նյութում «Hot Wheels» ապրանքանիշի և փաթեթավորման հստակ ցուցադրումը, առանց տվյալ ապրանքի իսկության վերաբերյալ տեղեկությունների, կարող է սպառողների մոտ ստեղծել թյուր տպավորություն, որ հայտնաբերված խնդիրը վերաբերում է այս ապրանքանիշի արտադրանքին ընդհանրապես։
Երեխաների անվտանգությունը մեզ համար անվերապահ առաջնահերթություն է։